Դեռահասի հոգեբանություն
Դեռահասի հոգեբանություն, հոգեբանության ճյուղերից մեկի՝ տարիքային հոգեբանության ուսումնասիրության առարկա։ Այն ուսումնասիրում է դեռահասի հոգեբանությունը՝ առանձնացնելով դա՝ որպես տարիքային փուլերից ամենաճգնաժամայինը։
Վերջինս իրավունքի և իրավունքի հոգեբանության հետ առնչվում է այնքանով, որքանով վերաբերում է կոնկրետ հանցածին վարքին և գործունեությանը։ Սովորաբար, շեշտվում է այն հանգամանքը, որ դեռահասության տարիքում՝ սեռական հասունության պայմաններում, անձի ֆիզիկական, կենսաբանական ինտենսիվ փոփոխությունները հանգեցնում են հոգեբանական նորագոյացումների։ Առհասարակ դեռահասության տարիքը ընդունված է համարել դժվար շրջան, քանի որ այս տարիքում են ձևավորվում մարդու աշխարհընկալման, աշխարհայացքի և առհասարակ առաջնային արժեքների համակարգը, նախնական բլոկը։ Ապացուցված է նաև, որ դեռահասի վարքը հաճախ անկառավարելի է դառնում այն պատճառով, որ տարիքային առանձնահատկության հետ կապված նրանց վարքագծում գերակշռում է հուզական ֆոնը։ Դեռահասի տարիքային սահմանների շուրջ մասնագիտական բուռն բանավեճեր են ծավալվել, սակայն այսօր մասնագետների մեծ մասը հակված է այս շրջանը վերագրել 12-16 տարեկան։ Դեռահասի պարագայում անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական տվյալներով չափահասից չտարբերվող, սակայն հոգեբանորեն ավելի ցածր զարգացման մակարդակի վրա գտնվող անձի մասին է խոսքը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սեռական հասունության էտապում մարդու ֆիզիկական զարգացումը աննախընթաց արագ աճ է արձանագրում, իսկ հոգեբանական առումով նրա զարգացումը պահանջում է ավելի շատ ժամանակ։
Այս շրջանում անչափահասն սկսում է ակտիվորեն վերաիմաստավորել իր նախկին մոտեցումները, փորձում է դուրս գալ ավագ հարազատների ազդեցության ոլորտից, սկսում է հաճախ նրանց հակառակվել, նկատել նրանց մեջ բացասական գծեր, որոնք մինչ այդ չէր նկատում, ձգտում է անկախության, ինքնուրույնության և ինքնահաստատման, մյուս կողմից նրա համար շատ ավելի արժեքավոր է դառնում իր տարեկիցների կարծիքը, փորձում է հարմարվել նրանց կողմից ընդունված նորմերին և հաստատվել իր տարեկիցների միջավայրում։
Տարիքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուբերտատային ճգնաժամ, հոգեֆիզիոլոգիական զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռահասունացումը կախված է օրգանիզմի էնդոկրինային փոփոխությունների հետ։ Այս գործընթացում հատկապես կարևոր դեր են խաղում մակուղեղն ու վահանաձև գեղձը, որոնք արտադրում են այլ էնդոկրինային գեղձերի աշխատանքը խթանող հորմոններ։ Աճի և սեռական հորմոնների ակտիվացումը և բարդ փոխազդեցությունը հանգեցնում է ֆիզիկական և ֆիզիոլոգիական ինտենսիվ զարգացման։ Ավելանում է երեխայի քաշը, հասակը, ընդ որում տղաների մոտ «հասակի աճը» սկսվում է 13 տարեկանից, ավարտվում 15 տարեկանից հետո, երբեմն շարունակվելով մինչև 17 տարեկան։ Աղջիկների մոտ «հասակի աճը» սկսվում և ավարտվում է սովորաբար երկու տարի շուտ։ Սեռային տարբերություններից զատ՝ այստեղ նկատելի են և անհատական տարբերությունները. որոշ երեխաների մոտ հասակի աճը սկսվում է այն ժամանակ., երբ ուրիշներն արդեն ավարտվում է։
Հասակի և քաշի փոփոխությունը ուղեկվում է մարմնի համամասնությունների փոփոխությամբ։ Սկզբում «մեծ» չափերի է հասնում գլուխը, ձեռքերը դաստակները, այնուհետեև վերջույթները՝ երկարում են ձեռքերն ու ոտքերը, և վերջում՝ իրանը։ Կմախքի ինտենսիվ զարգացումը գերազանցում է մկանուքի զարգացմանը։ Այս ամենը հանգեցնում է մարմնի որոշակի անհամաչափության։ Հաճախ երեխաներն այս ժամանակ իրենց զգում են ոչ գրավիչ։
Ի հայտ են գալիս երկրորդային սեռական հականիշները՝ սեռահասունացման արտաքին հատկանիշները, տարբեր երեխաների մոտ տարբեր ժամանակ։ Տղաների մոտ փոխվում է ձայնը, ընդ որում որոշներրի մոտ կտրուկ նվազում է ձայնի տեմբրը։ Ուրիշների մոտ ձայնը աստիճանաբար է փոփոխվում, ուստի աստիճանական տեղաշարժերը նրա մոտ չեն էլ զգացվում։
Արագ զարգացման հետ կապված՝ առաջ են գալիս սրտի, թոքերի գործառնության, գլխուղեղի արյան շրջանառության դժվարություններ։ Դրա համար էլ դեռաահասին հատուկ է մկանային և անոթային տոնուսի անկումները։ իսկ այսպիսի անկումները հանգեցնում են ֆիզիկական վիճակի արագ փոփոխությանը, և հետևաբար տրամադրության վատթարացմանը։ Ընդհանրապես, դեռահասության տարիքում հուզական ֆոնը դառնում է անկայուն, անհամաչափ։
Ասվածին անհրաժեշտ է ավելացնել, որ երեխան ստիպված է աստիճանաբար իր օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիկական և ֆիզիոլոգիական փոփոխություններին։ Հուզական անկայունությունն ուժեղացնում է սեռական հասունացմանը ուղեկցող սեռական դրդմանը։
Դեռահասության տարքիում սեռական նույնականացումը հասնում է նոր՝ ավելի բարձր մակարդակի։ Հստակորեն դրսևորվում է վարքում առնականության և կանացիության կերպարների կողմնորոշումը և դրա հետ կապված դրանց անձնային հատկությունները։ Բայց երեխան կարող է համադրել իր մեջ ինչպես ավանդական կանացի, այնպես էլ տղամարդկային որակներ։
Դեռահասության տարիքում կտրուկ մեծանում է հետաքրքրությունը սեփական արտաքինի նկատմամբ, ձևավորվում է նոր ֆիզիկական «ես»։ Դրա հետևանքով էլ երեխայի կողմից շատ հիվանդագին են ապրվում արտաքինի հետ կապված բոլոր թերությունները՝ մտացածին, թե իրական։ Մարմնի մասերի անհամաչափությունը, դիմագծերի անճշգրտությունը, մանկական մաքրությունը կորցնող մաշկը, ավելորդ քաշը կամ նիհարությունը և այլն, վրդովեցնում են դեռահասին, իսկ երբեմն էլ հանգեցնում թերարժեքության զգացման, ինքնամփոփության, նույնիսկ նևրոզի։ Հայտնի են նյարդային անորեքսիայի դեպքեր։ Այս հիվանդությամբ տառապող դեռահասներին հարկադրաբար կերակրում են և բուժում հիվանդանոցներում։
Դեռահասների մոտ ծանր հուզական ռեակցիաներն իրենց արտաքինի նկատմամբ մեղմվում են մոտ մեծահասկների հետ ջերմ, վստահելի հարաբերությունների միջոցով։
Ֆիզիկական «Ես-ի» և ինքնագիտակցության վրա ազդում է սեռական հասունացման տեմպը։ Ուշ սեռահասունացմամբ երեխաները հայտնվում են պակաս բարենպաստ պայմաններում. աքսելերացիան առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում անձնային զարգացման համար։ Տղաների համար հասունացման ժամկետները չափազանց կարևոր են։ Ֆիզիկապես առավել զարգացած տղան ուժեղ է, հաջողակ սպորտում և գործունեության այլ տեսակներում։ Նրան վերաբերում են որպես մեծահասակի։ Ընդհակառակը, ուշ հասունացմամբ տղային հաճախ որպես երեխա են վերաբերում՝ առաջացնելով նրա դիմադրություն, գրգռվածությունը։ Այսպիսի տղաներ հաճախ փորձում են ուշադրություն գրավել անբնական միջոցներով, նրանց մոտ հաճախ ձևավորվում է ցածր ինքնագնահատական, մերժվածության զգացում։
Դեռահասի անձը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարաբերականորեն հանգիստ կրտսեր դպրոցական տարիքից հետո դեռահասության տարիքը չափազանց բարդ է և բուռն։ Այս տարիքում զարգացումն իսկապես ընթանում է չափազանց արագ տեմպերով, հատկապես շատ փոփոխություններ դիտվում են անձի ձևավորման առումով։ Դեռահասի գլխավոր առանձնահատկությունը անձնական անկայունությունն է։ Հակադիր գծերը, ձգտումները, միտումները գոյակցում են միմյանց հետ՝ պայմանավորելով դեռահասի բնավորության և վարքի հակասականությունը։
Դեռահասին հատուկ անձնային առանձնահատկությունների շարքում հատկապես առանձնացվում են «չափահասության» զգացումը և «Ես կոնցեպցիան»։
Երբ ասում են, որ երեխան մեծանում է, ի նկատի ունեն, նրա պատրաստվածության կայացումը կյանքին մեծահասակների հասարակությունում, ընդ որում, որպես նրա լիիրավ անդամ։ Իհարկե, դեռահասը հեռու է մեծ լինելուց, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, թե սոցիլապաես։ Նա օբյեկտիվորեն չի կարող ներառվել մեծահասակի կյանք, բայց ձգտում է և հավակնում մեծահասակի հետ հավասար իրավունքների։ Նոր դիրքը դրսևորվում է տարբեր ոլորտներում, հաճախ արտաքին տեսքի, շարժուձևի մեջ։
Դեռահասի արտաքին տեսքը հաճախ դառնում է անընդհատ թյուրիմացությունների և կոնֆլիկտների աղբյուր ընտանիքում։ Ծնողների դուր չի գալիս ոչ երիտասարդական նորաձևությունը, ոչ իրերի գները։ Իսկ իրեն եզակի համարող դեռահասը միևնույն ժամանակ ձգտում է ոչնչով չտարբերվել հասակակիցներից։ Խմբի հետ ձուլվելու, ոչնչով չառանձնանալու ցանկությունը, որը պատասխանում է անվտանգության պահանջմունքին, հոգեբանները դիտարկում են որպես հոգեբանական պաշտպանության մեխանիզմ՝ անվանելով սոցիալակամ միմիկրիա։
Մեծահասկաներին ընդօրինակումը չի սահմանփակվում միայն շարժուձևով և հագուստով։ Ընդօրինակումն ընթանում է և զվարճանքների, ռոմանտիկ հարաբերությունների ուղով։ Այդ հարաբերությունների բովանդակությունից անկախ՝ վերցրվում է «մեծահասկաի ձևը». ժամադրություններ, սիրային նամակներ և այլն։
Երեխայի համար օգտակար է նոր հարաբերությունների այս դպրոցով անցնելը, սովորելը իր վերցնելու բազմազան դերեր։ Բայց հանդիպում են նաև չափահասության արժեքավոր տարբերակներ՝ բարենպաստ ինչպես մոտիկների, այպես էլ հենց դեռահասի համար։ Դա ներգրավումն է բավական հասուն ինտելեկտուալ գործունեության մեջ, երբ երեխան հետաքրքրվում է գիտության կամ արվեստի որոշակի ոլորտով՝ խորապես զբաղվելով ինքնակրթությամբ։ Կամ ընտանիքի նկատմամբ հոգատարությունը, մասնակցությունը որոշումների կայացմանը, օգնությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ընդհանուր առմամբ, դեռահասների շատ քիչ մասն է հասնում բարոյական գիտակցության զարգացման բարձր մակարդակի, և շատ քչերն են պատրաստ իրենց վրա վերցնելու պատասխանատվություն ուրիշների բարեկեցության համար։
Չափահասության արտաքին, օբյեկտիվ դրսևորումների հետ մեկտեղ ի հայտ է գալիս նաև չափահասության զգացում՝ ինքն իր նկատմամբ՝ որպես մեծահասակի, վերաբերմունք, ինքն իրեն որպես մեծահասակի զգացում, պատկերացումը։ Չափահասության այս սուբյեկտիվ կողմը համարվում է կրտսեր դեռահասության տարիքի նորագոյացությունը։
Չափահասության զգացումը ինքնագիտակցության հատուկ ձևն է։ Այն խիստ կապված չէ սեռահասունացման հետ, կարելի է ասել, որ սեռական հասունացումը չափահասության զգացման ձևավորման հիմնական աղբյուրը չէ։ Պատահում է, որ ֆիզիկապես զարգացած տղան իրեն պահում է որպես մանուկ։
Չափասության զգացումն առաջին հերթին դրսևորվում է ցանկության մեջ, որպեսզի բոլորը՝ և մեծահասակները, և հասակակիցները դեռահասին վերաբերվեն որպես մեծի։ Նա հավակնում է մեծահասակի հետ հավասար հարաբերությունների, և կոնֆլիկտի մեջ է մտնում՝ հաստատելով մեծահասակի իր դիրքը։ Չափահասության զգացումը դրսևորվում է ինքնուրույնության ձգտման, ցանկության մեջ՝ իր կյանքի որոշ կողմերն ազատել ծնողական միջամտությունից։ Դա վերաբերում է արտաքինին, հասակակիցների հետ հարաբերություններին, ինչու չէ նաև ուսմանը։ Վերջին դեպքում մերժվում է ոչ միայն առաջադիմության, տնային առաջադրանքների կատարման ժամանակի նկատմամբ հսկողությունը, այլև օգնությունը։ Բացի այդ, ի հայտ են գալիս սեփական ճաշակը, հայացքները, գնահատականները. Վարքի սեփական ուղին։ Դեռահասության տարիքում ամեն ինչ անկայուն է, հայացքները կարող են փոխվել մի քանի շաբաթից, կամ ավելի շուտ։
Չափահասության զգացումը կապված է վարքի բարոյական նորմերի հետ, որոնք յուրացվում են հենց այս ժամանակ։ Ի հայտ է գալիս բարոյական «կոդեքսը», որը դեռահասներին վերագրում է վարքի հստակ ոճ ընկերական հարաբերություններում։ Հետաքրքրական է, որ ընկերության դեռահասների կոդեքսը միջազգային է։
Չափահասության զգացման հետ մեկտեղ Դ. Էլկոնինը դիտարկում է չափահասության միտումը դեռահասների մոտ՝ ձգտում՝ լինելու, երևալու և համարվելու մեծահասակ։ Ուրիշի աչքերում մեծ երևալու ցանկությունն ուժեղանում է այն ժամանակ, երբ արձագանք չի գտնում շրջապատողների մոտ։ Միևնույն ժամանակ կան դեռահասներ, որոնց մոտ վառ արտահայտված չէ այս միտումը, նրանց մեծահասակի պահանջները դրսևրվում են էպիզոդիկ, առանձին անբարենպաստ պայմաններում, նրանց ազատության, ինքնուրույնության սահմանափակման դեպքում։
Չափահասության զարգացումը իր ամենատարբեր դրսևորումներով կախված է նրանից, թե որ ոլորտում է դեռահասը փորձում հաստատվել, ինչ բնույթ է ձեռք բերում նրա ինքնուրույնությունը հասակակաիցների հետ հարաբերություններում, ազատ ժամանակի օգտագործման, տարբեր զբաղմունքների, տնային գործերի կատարման մեջ։ Կարևոր է և այն հանգամանքը՝ նրան բավարարում է իր ձևական ինքնուրույնությունը, չափահասության արտաքին թվացող կողմը, թե անհրաժեշտ է իրական, խորքային ինքնուրույնություն։ Այս գործընթացի վրա էականորեն ազդում է երեխայի հարաբերությունների համակարգը. ծնողների, ուսուցիչների, հասակակիցների կողմից նրա չափահասության ընդունումը։
Չափահասության զգացումը դառնում է կրտսեր դեռահասության տարիքի կենտրոնական նորագոյացությունը, իսկ տարիքի ավարտին՝ մոտավորապես 15 տարեկանում, երեխան ևս մեկ քայլ է կատարում իր անձնային զարգացման մեջ։ Ինքն իրեն որոնումներից, անձնային անկայունությունից հետո նրա մոտ ձևավորվում է «Ես» կոնցեպցիան՝ ինքն իր մասին ներքին համաձայնեցված պատկերացումների, Ես-կերպարների համակարգը։
Եթե 3 տարեկանում ի հայտ է գալիս հուզական, չափազանցված ինքնագնահատկան, ապա ավելի ուշ՝ նախադպրոցական տարիքում ծագում են ինքնագնահատականի ռացիոնալ բաղադրիչները, սեփական որոշակի որակների և վարքի գիտակցումը՝ համաձայնեցված մեծահասկաների պահանջների հետ։ Չնայած դրան՝ նախադպրոցականներն իրենց մասին դատում են մակերեսայնորեն և լավատեսորեն։ Կրտսեր դպրոցականների ինքնագնահատականը դառնում է առավել ադեկվատ և տարբերակված։ Նրանք տարբերում են իրենց ֆիզիկական և հոգևոր որակները, գնահատում են իրենց ընդունակությունները, համեմատում իրենց ուրիշների հետ։
Մոտավորապես 11-12 տարեկանում հետաքրքրություն է առաջանում սեփական ներաշխարհի նկատմամբ, այնուհետև տեղի է ունենում ինքնաճանաչողության աստիճանական բարդացում և խորացում։ Դեռահասն իր համար բացահայտում է իր ներաշխարհը։ Նոր հարաբերությունների հետ կապված բարդ ապրումները, իր անձնային գծերը, արարքները վերլուծվում են դեռահասի կողմից շատ կողմանկալ։ Դեռահասը ցանկանում է հասկանալ՝ ինչպիսին է ինքն իրականում, պատկերացնում է իրեն, թե ինչպիսին է ցանկանում լինել։ Ինքն իրեն ճանաչելու գործում օգնում են ընկերները, մոտ, մոտ մեծահասակները։ Դեռահասության ռեֆլեքսիան, ինքն իրեն հասկանալու պահանջմունքը դրսևորվում են հասակակիցների հետ հարաբերություններում, օրագրերում, բանաստեղծություններում, ֆանտազիաներում։
Դեռահասի ստեղծած Ես-կերպարները բազմազան են. նրանք արտացոլում են դեռահասի կյանքի հարստությունը։ Ֆիզիկական ես-ը, այսինքն՝ սեփական արտաքին գրավչության, սեփական խելացիության, ընդունակությունների, բնավորության ուժի, շփվողականության, բարության և այլ որակների մասին պատկերացումները ձևավորում են «Ես» կոնցեպցիան՝ այսպես կոչված իրական «ես»-ը։
Սեփական անձի, իր տարբեր որակների ճանաչողությունը հանգեցնում է «Ես» կոնցեպցիայի կոգնիտիվ բաղադրիչի ձևավորմանը։ Նրա հետ են կապված ես երկու՝ գնահատողական և վարքային ասպեկտները։ Երեխայի համար կարևոր է ոչ միայն իմանալը, թե ինչպիսին է ինքն իրականում, այլև ինչքանով են արժեքավոր իր անձնային առանձնահատկությունները։ Սեփական որակների գանահատականը կախված է արժեքային համակարգից՝ գլխավորապես հաստատված ընտանիքի և հասակակիցների միջոցով։ Դրա համար էլ տարբեր երեխաներ տարբեր կերպ են ապրում գեղեցկության, փայլուն ինտելեկտի կամ ֆիզիկական ուժի բացակայությունը։ Բացի այդ ինքն իր մասին պատկերացումների պետք է համապատասխանի վարքի որոշակի ոճ։
Դեռահասը դեռ ամբողջությամբ չհասունացած անձ է։ Նրա առանձին գծերը սովորաբար անհամաչափ են, «ես»-ի տարբեր կերպարները ոչ ներդաշնակ են։
Դեռահասության տարիքի սկզբում և մեջտեղում հոգեկան կյանքի անկայունությունը, շարժունությունը հանգեցնում է ինքն իր մասին պատկերացումների փոփոխությանը։ Երբեմն, պատահակ արտահայտությունը, կոմպլիմենտը կամ ծաղրանքը հանգեցնում են ինքնագիտակցության նշանակալից տեղաշարժի։ Երբ «ես»-կերպարը նշանակալիորեն կայունանում է, իսկ նշանակալից մարդու գնահատականը հակասում է նրան, հաճախ գործում են հոգեբանական պաշտպանության մեխանիզմները։
Իրական «ես»-ից զատ՝ «ես կոնցեպցիան» ներառում է նաև իդեալական «ես»։ Հավակնությունների բարձր մակարդակի և սեփական հնարավորությունների անբավարար գիտակցման դեպքում իդեալական ես-ը կարող է էականորեն տարբերվել իրականից։ Այս դեպքում դեռահասի կողմից իր իդեալական և իրական կերպարների միջև տանջատման գիտակցումը հանգեցնում է անվստահության, ինչն արտաքնապես կարող է արտահայտվել ագրեսիվությամբ, համառությամբ։ Երբ իդեալական կերպարը հասանելի է, այն հանգեցնում է ինքնադաստիարակության։ Դեռահասները ոչ միայն երազում են այն մասին, թե ինչպիսին են իրենք լինելու մոտ ապագայում, այլև ձգտում են իրենց մեջ զարգացնել բոլոր ցանկալի որակները։ Որոշ դեռահասներ մշակում են ինքնակատարելագործման ամբողջական ծրագրեր։
Ինքնադաստիարակությունը այս փուլում հնարավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ դեռահասների մոտ զարգանում է ինքնակարգավորումը։ Բնականաբար ոչ բոլորն են ընդունակ դրսևորելու հաստատակամություն, կամքի ուժ, համբերություն՝ իրենց ստեղծած իդեալին հասնելու համար։ բացի այդ, շատերի մոտ պահպանվում է «հրաշքի» մանկական հույսը. գործելու փոխարեն դեռահասները ընկում են ֆանտազիաների մեջ։
Դեռահասության տարիքի վերջում, վաղ պատանեկության տարքի սահմանին, սեփական անձի մասին պատկերացումները կայունանում են և ձևավորում Ես-կոնցեպցիայի ամբողջական համակարգը։ Երեխաների մի մասի մոտ Ես-կոնցեպցիան կարող է ավելի ուշ ձևավորվել։ Բայց ամեն դեպքում դա ինքնագիտակցության զարգացման կարևորագույն փուլ է։
Դեռահասության ռեակցիաներ, մեծահասկաների, հասակակիցների հետ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասն օժտված է ինքնուրույնության և հասակակիցների հետ շփման ուժեղ, երբեմն հիպերտրոֆ պահանջմունքներով։ Դեռահասության ինքնուրույնությունն արտահայտվում է հիմնականում մեծահասկաներից էմանսիպացիայի, նրանց հոգատարությունից, հսկողությունից ազատվելու և բազմազան հետաքրքրությունների մեջ՝ ոչ ուսումնական զբաղմունքներում։ Այս պահանջմունքներն այնքան վառ են դրսևորվում վարքում, որ «դեռահասության ռեակցիաների» մասին։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասության տարիքին բնորոշ են ուժեղ, երբեմն միմյանց փոխարինող հետաքրքրություններ։ Կա կարծիք, որ դեռահասության տարիքն առանց հետաքրքրությունների նման է առանց խաղի մանկության։ Երեխան ինքն է ընտրում իրեն հաճելի զբաղմունքը՝ դրանով իսկ բավարարելով և ինքնուրույնության, և ճանաչողության պահանջմունքը և այլն։
Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։ Սկզբունքորեն, այն կարող է իրացվել և ուսումնական գործունեության մեջ։ Ըստ Դ. Էլկոնինի՝ կրտսեր դեռահասության տարիքը սենզիտիվային է ավելի բարձր մակարդակի ուսումնական գործունեության անցնելու համար։ Երեխայի համար ուսումը կարող է ձեռք բերել նոր անձնային իմաստ՝ դառնալու ինքնակրթության և ինքնակատարելագործման գործունեություն։ Դժբախտաբար, դա հաճախ չի դրսևորվում։ Այս ուղղությամբ դեռահասի հետաքրքրությունները ղեկավարել կարող են ծնողները, սիրելի ուսուցիչները։ Դեռահասին այլ, լրացուցիչ զբաղմունքների դրդելու համար պետք է գործել շատ զգույշ. ավելորդ ճնշումը նրանց կողմից կհանգեցնի հակադիր ռեակցիաների՝ ինչ-որ բան անելու ցանկության բացակայության, ապատիայի։
Որպես կանոն, հետաքրքրություններն ունեն որ ուսումնական բնույթ։ Դպրոցական ուսուցման հետ կարող են հատվել միայն ինտելեկտուալ-էսթետիկ բնույթի հետաքրքրությունները, այն էլ ոչ բոլորը։ Դրանք կապված են սիրելի զբաղմունքի նկատմամբ խորը հետաքրքրության հետ. պատմություն, երաժշտություն, ռադիոտեխնիկա, նկարչություն և այլն։ Սրանք երեխայի զարգացման տեսանկյունից առավել արժեքավոր հետաքրքրություններն են, բայց նրանք երբեմն բարդացնում են երեխաների և նրանց ծնողների կյանքը։ Պատահում է, որ տարված լինելով իրենց գործով՝ դեռահասները բաց են թողնում դասերը։
Ինտելեկտուալ-էսթետիկ հետաքրքրություններին արտաքնապես նման են, այսպես կոչված, էգոցենտրիկ հետաքրքրությունները։ Հազվադեպ օտար լեզուների ուսումնասիրումը, սպորտով զբաղվելը, գեղարվեստական ինքնագործունեությամբ զբաղվելը և այլն. ցանկացած գործ դառնում է միայն սեփական հաջողությունների ցուցադրման միջոց։ Այսպիսի հետաքրքրություններ ունեցող դեռահասները փորձում են ուշադրություն գրավել իրենց զբաղմունքների օրիգինալությամբ, առանձնանալ շրջապատողների աչքերում։ Համանման ուղղվածությամբ երեխաների հատուկ են նաև լիդերության հետաքրքրքություններ, որոնք հանգեցվում են այնպիսի իրավիճակի որոնմանը, որտեղ կարելի է կազմակերպել, ղեկավարել հասակակիցներին։ Նրանք փոխում են տարբեր խմբակներ, սպորտային սեկցիաներ, մինչև չգտնեն այն խումբը, որտեղ կարող են դառնալ լիդեր։
Մարմնա-մանուալ հետաքրքրությունները կապված են իրենց ուժը ամրապնդելու, ճկունություն և այլ մանուալ հմտություններ ձեռք բերելու ձգտման հետ։ Հիմնականում դրանք տղաների հետաքրքրություններն են, ովքեր այս կերպ զրագանու են ֆիզիկապես և տիրապետում իրենց պետքական կարողություններով։ Բայց երբեմն նրանց հաճույք է պատճառում ոչ այնքան պարապմունքների գործընթացը, որքան ձեռքբերված արդյունքերը։
Կուտակային հետաքրքրությունները տարբեր տեսակների հավաքածուներ կազմելն է։ Կոլլեկցիաների նկատմամբ հակումը կարող է համադրվել ճանաչողական պահանջմունքի, նյութական արժեքների կուտակման, նորաձևությանը հետելու ցանկության հետ։
Հետաքրքրությունների ամենատարրակն տեսակը ինֆորմատիվ-կոմմունիկատիվ հետաքրքրություններն են։ Նրանցում դրսևորվում է նոր, բայց ոչ այնքան բովանդակային ինֆորմացիա ստանալու ցանկությունը, ինչը չի պահանջում ոչ մի քննադատական վերամշակում, և հասակակիցների հետ շփվելու պահանջմունքը՝ բազմաթիվ կոնտակտների այդ ինֆորմացիան փոխանակելու համար։ Սրանք մեծաքանակ դատարկ խոսակցություններն են, հեռուստացույցի երկարատև դիտումները։ Հեռուստացույցով ժամերով կարելի դիտել ամեն ինչ, բայց հատկապես դետեկտիվ-արկածային ժանրերի ֆիլմեր, մարտաֆիլմեր։ Ամբողջ ինֆորմացիան յուրացվում է բավական մակերեսային մակարդակում, երբեմն փոխանցվում է ուրիշին և մոռացվում։ Ժամանակի այսպիսի անցկացումը դժվար է անվանել հետաքրքրություն բառիս բուն իմաստով, բայց այն բնորոշ է դեռահասների որոշակի մասին։ Բովանդակային հետաքրքրություններ չունեցող դեռահասների մոտ առաջանում են ազարտային խաղերի, հակաօրինական վարքի, թմրամոլության, ալկոհոլիզմի, տոքսիկոմանիայի հետ կապված խնդիրներ։ Անպայմանորեն, դեռահասի համար հետաքրքիր զբաղմունքի ընտրությունը, իր ազատ ժամանակի կազմակերպումը երաշխիք չեն, որ դևիանտ վարքի հետ կապված խնդիրենրը կվերանան։ Այնուամենայնիվ, սա նրանց պրոֆիլակտիկայի գործող ուղիներից մեկն է։
Հասակակիցների հետ շփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասության տարիքում ոչ միայն բուռն զբաղվում են տարբեր զբաղմունքներով, այլև նույնքան հուզականորեն շփվում են հասակակիցների հետ։ Շփումը ներթափանցում է դեռահասների ամբողջ կյանք՝ հետք թողնելով նրանց ուսման, ոչ ուսումնական զբաղմունքների, ծնորղների հետ հարաբերությունների վրա։ Առավել բովանդակալից, խորը շփում հնարավոր է ընկերական հարաբերությունների դեպքում։ Այս տարիքի առաջնային գործունեությունը ինտիմ-անձնային շփումն է։
Դեռահասների ընկերությունը բարդ, հաճախ հակասական երևույթ է։ Դեռահասը ձգտում է մոտ, հավատարիմ ընկերոջ, բայց անընդհատ փոխում է ընկերներին։ Սովորաբար նա ընկերոջ մեջ փնտրում է նմանություն, սեփական ապրումների և դիրքորոշումների ըմբռնում և ընդունում։ Լսելու և ապրումակցելու ունակ ընկերը դառնում է յուրօրինակ հոգեթերապևտ։ Նա կարող է ոչ միայն օգնել լավ հասկանալու ինքդ քեզ, այլև հաղթահարելու սեփական անվստահությունը, բազմաթիվ կասկածները, զգալու ինքդ քեզ որպես լիարժեք անձ։ Եթե ընկերը, զբաղված լինելով իր սեփական գործերով, անուշադրություն դրսևորի կամ այլ կերպ գնահատի իրավիճակը, միանգամայն հնարավոր է հարաբերությունների ընդհատում։ Այս դեպքում դեռահասն իրեն միայնակ զգալով, նորից կսկսի փնտրել իդեալ և ձգտել առավել ամբողջական հասկացման. որի դեպքում, չնայած ամեն ինչին, իրեն սիրում են և արժևորում։
Դեռահասության տարիքում մոտ ընկերները, որպես կանոն, հասակակիցներ են, նույն սեռի, սովորում են նույն դասարանում, պատկանում են միևնույն սոցիալական միջավայրին։
Ընկերական հարաբերություններում դեռահասները ծայրահեղ ընտրողական են։ Բայց նրանց շփման շրջանակը չի սահմանփակվում միայն մոտ ընկերներով, ընդհակառակը, այն բավական ընդլայնվում է՝ ի տարբերություն նախորդ տարքիների։ Այս ժամանակ երեխաներն ունենում են շատ ծանոթներ, և որ ամենակարևորն է, ձևավորվում են ոչ ֆորմալ խմբեր։ Դեռահասներին կարող է խմբերում միավորել ոչ միայն փոխադարձ համակրանքը, այլև ընդհանուր հետաքրքրությունները, զբաղմունքները, զվարճանալու միջոցները, ազատ ժամանակի անցկացման վայրերը։ Այն, ինչ խմբից ստանում է դեռահասը և այն, ինչ նա կարող է տալ խմբին, կախված է խմբի զարգացման մակարդակից։
Խմբի զարգացման չափանիշներից են.
- Նպատակների, դրդապատճառների, խմբի անդամների արժեքային կողմնորոշումների միասնությունը, որը պայմանավորում է նրա բարոյական ուղղվածությունը։
- Կազմակերպչական միասնությունը,
- Գործունեության որոշակի ոլորտի խմբային պատրաստվածությունը
- Հոգեբանական միասնությունը։
Զարգացման ամենացածր մակարդակն ունեցող դիֆուզ խումբը միայն ձևականորեն գոյություն ունի և չունի այս բնութագրերից և ոչ մեկը։ Առավել զարգացած խումբ է ասոցացիան, որն ունի ընդհանուր նպատակ և կառուցվածք։ Խումբ-կոոպերացիային հատուկ են նպատակների և գործունեոթյան միասնությունը, այստեղ կա խմբային փորձ և պատրաստվածություն։
Առավել զարգացած խմբեր են միությունն ու կոլեկտիվը։ Նրանց միջև տարբերությունը կայանում է բարոյական ուղղվածության մեջ։ Միությանը (կորպորացիա) հատուկ է խմբային էգոիզմն ու ինդիվիդուալիզմը, այլ խմբերին հակադրումը. ասոցիալ խմբերը, որոնց անդամները կատարում են հասարակական կարգի խախտումներ, օրինակ՝ գողություններ։ Ընդհակառակը, կոլեկտիվներն առավել բաց են և ընդունում են բոլորին, ովքեր ներառվում են իրենց շարքերում։ Այստեղ բացակայում է խմբային էգոիզմը։ Կոլեկտիվում գերակում են փոխըբռնման և փոխօգնության հարաբերությունները, ինչի շնորհիվ արդյունավետորեն լուծվում են ընդհանուր խնդիրները, դժվարությունները։ Հուզական համատեղելությունը թույլ է տալիս խմբում ստեղծելու բարենպաստ հոգեբանական մթնոլորտ։
Եթե դեռահասը հայտնվում է սոցիալական բարձր զարգացած խումբ, ապա դա բարենպաստ է անդրադառնում նրա անձի զարգացման վրա։ Դեռահասը կարող է միաժամանակ ներառված լինել մի քանի խմբերի մեջ։
Այս տարիքային փուլում երեխաներին այնպես է ձգում միմյանց, նրանց շփումն այնքան ինտենսիվ է, որ խոսում են «խմբավորման տիպիկ ռեակցիայի» մասին։ Չնայած այս ընդհանուր միտմանը՝ դեռահասի հոգեբանական վիճակը տարբեր խմբերում կարող է տարբեր լինել։ Նրա համար կարևոր ունենալ ռեֆերենտային խումբ, որի արժեքները նա ընդունում է, որի վարքի նորմերի և գնահատականների վրա նա կողմորոշվում է։ Ցանկացած խմբի մեջ մտնելը բավարար չէ։ Երբեմն դեռահասն իրեն միայնակ է զգում հասակակիցների աղմկոտ միջավայրում։ Մյուս կողմից ոչ բոլոր դեռահասներին են ընդունում խմբերի մեջ, նրանց մի մասը կարող է մեկուսացված մնալ։ Նրանք սովորաբար իրենց վրա անվստահ, ագրեսիվ, հատուկ ուշադրություն պահանջող դեռահասներն են, ովքեր անտարբեր են խմբի ընդհանուր գործերի և հաջողությունների նկատմամբ։
Մեծահասակների հետ շփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասների հարաբերությունների ևս մեկ նշանակալից ոլորտ է մեծահասկաների, և առաջին հերթին, ծնողների հետ, շփումը։ Ծնողների ազդեցությունն արդեն սահմանափակ է, այն չի ընդգրկում երեխայի կյանքի բոլոր ոլորտները։ Հասակակիցների կարծիքը սովորաբար ավելի կարևոր է ընկերական հարաբերություններում, ժամանակակից երաժշտության, զվարճանքների հետ կապված հարցերում։ Բայց դեռահասի արժեքային կողմնորոշումները, նրա կողմից սոցիալական խնդիրների հասկացումը, իրադարձությունների և արարքների բարոյական գնահատումը կախված են, առաջին հերթին, ծնողների դիրքից։
Միևնույն ժամանակ, դեռահասին բնորոշ է մոտ մեծահասակներից էմանսիպացիայի ձգտումը։ Կարիք ունենալով ծնողական սիրո, հոգատարության՝ նրանք ինքնուրույնության, հավասար իրավունքների մեծ ցանկություն ունեն։ Այն, թե ինչպիսի հարաբերություններ կհաստատվեն երկու կողմերի միջև, կախված է գլխավորապես դաստիարակության ոճից, մեծահասակների պատրաստակամությունից՝ ընդունելու իրենց երեխայի չափահասությունը։
Շփման հիմնական դժվարությունները, կոնֆլիկտները ծագում են դեռահասի վարքի, ուսման և ընկերների ընտրության նկատմամբ ծնողների հսկողության պատճառով։
Հսկողությունից զատ՝ ընտանեկան հարաբերություններում կարևոր են ծնողների սպասելիքները, հոգատարությունը, պահանջների հաջորդականությունը կամ որ հաջորդականությունը, և իհարկե, այդ հարաբերությունների հիմքում ընկած հուզական հիմքը՝ սերը, երեխային ընդունումը կամ մերժումը։ Կարելի է առանձնացնել ընտանեկան դաստիարակության մի քանի տեսակներ, որոնք էապես ազդում են դեռահասի անձի զարգացման և ծնողների հետ հարաբերությունների վրա։
Դեմոկրատ ծնողները արժևորում են դեռահասի վարքը, ինքնուրույնությունը և կարգապահությունը։ Նրանք իրենք են դեռահասին ինքնուրույն լինելու հնարավորություն ընձեռում իր կյանքի որոշակի ոլորտներում, նրա իրավունքները չոտնահարելով՝ միաժամանակ պահանջում են պարտականությունների կատարում։ Բանական հոգատարության և ջերմ հարաբերությունների վրա հիմնված հսկողությունը սովորաբար այդքան էլ չի խանգարում դեռահասին, նա հաճախ է լսում բացատրությունները, թե ինչու րի կարելի անել այս կամ այն բանը, այլ պետք է անել ուրիշը։ Այսպիսի հարաբերությունների դեպքում չափահասության ձևավորումը տեղի է ունենում առանց կոնֆլիկտենրի և ապրումների։
Ավտորիտար ծնողները պահանջում են դեռահասից բացարձակ ենթարկում և չեն գտնում, որ պետք է բացատրեն իրենց արգելքների, ցուցումների պատճառները։ Նրանք խիստ վերահսկում են դեռահասի կյանքի բոլոր ոլորտները, ընդ որում կարող են դա անել ոչ այնքան քաղաքավարի։ Այսպիսի ընտանիքներում երեխաները սովորաբար փակվում են, և ծնողների հետ նրանց շփումը խախտվում է։ Բայց հաճախ ավտորիտար ծնողների երեխաները հարմարվում են ընտանեկան հարաբերությունների ոճին և դառնում անվստահ, պակաս ինքնուրույն և բարոյապես ոչ այնքան հասուն, քան իրենց հասակակիցները՝ օժտված ավելի մեծ ազատությամբ։
Իրավիճակը բարդանում է, եթե բարձր պահանջկոտությունը և հսկողությունը համադրվում են հուզականորեն սառը, մերժողական վերաբերմունքի հետ։ Այստեղ անխուսափելի է կոնտակտի ամբողջական վերացումը։ Առավել ծանր դեպք է՝ անտարբեր և դաժան ծնողները։ Այսպիսի ընտանքիներում երեխաները հազվադեպ են վստահում մարդկանց, շփման մեջ դժվարություններ են ունենում, հաճախ իրենք են դաժան, թեև սիրո ուժեղ պահանջմունք ունեն։
Անտարբեր ծնողական վերաբերմունքի համադրությունը հսկողության բացակայության հետ նույնպես ընտանեկան հարաբերությունների անբարենպաստ տարբերակ է։ Դեռահասին թույլատրվում է անելու այն, ինչ նա ուզում է, նրա գործերով ոչ ոք չի հետաքրքրվում։ Այսպիսի ամենաթողությունը կարժես թե ծնողներին ազատում է երեխաների արարքների հետևանքների պատասխանատվությունից։ Իսկ դեռահասը, չնայած երբեմն հակառակվում է, բայց ծնողական հոգատարության, հենարանի կարիք ունեն, նրանք պետք է ունենան մեծահասակի, պատասխանատու վարքի օրինակ, որի վրա էլ կարողանան կողմնորոշվել։
Ծնողական սերը միանգամայն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ երեխայի բարենպաստ զարգացման համար։ Գերհոգատարությունը՝ երեխայի կյանքի չափազանց վերահսկողությունը՝ հիմնված սերտ հուզական կապի վրա, հանգեցնում է պասիվության, անինքնուրույնության, հասակակիցների հետ շփման դժվարությունների։ Գերվերահսկողության սովորաբար հակված են միայնակ մայրերը, ովքեր երեխային համարում են իրենց կյանքի միակ իմաստը։
Այլ կարգի դժվարություններ առաջանում են ծնողների բարձր սպասելիքների դեպքում, որոնք արդարացնել երեխան ի վիճակի չէ։ Ոչ ադեկվատ սպասելիքներ ունեցող ծնողների հետ դեռահասության տարիքում սովորաբար վերանում է հոգևոր մոտիկությունը։ Դեռահասն ինքն է ցանկանում որոշել, թե ինչ է իրեն անհրաժեշտ՝ մերժելով ուրիշի պահանջները։ եթե այս դեպքում նրանից պահանջում են չափազանցված բարոյական պատասխանատվություն, կարող է զարգանալ նևրոզ։
Կոնֆլիկտներ առաջանում են դեռահասի նկատմամբ որպես փոքրիկի հարաբերությունների և պահանջների ոչ հաջորդականության դեպքում, երբ նրանից սպասվում է մերթ մանկական ենթարկվածություն, մերթ մեծահասակի ինքնուրույնություն։ Ընդհանրապես, հակասական դաստիարակությունը վատ է անդրադառնում ընտանեկան հարաբերությունների վրա։
Շրջապատողների հետ հարաբերությունները դեռահասի կյանքի առավել կարևոր կողմն են։ Եթե նշանակալից մեծահասկաների և հասակակիցների հետ շփման պահանջմունքը չի բավարարվում, երեխաների մոտ ի հայտ են գալիս ծանր ապրումներ։
Ինտելեկտուալ ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասության տարիքում շարունակում է զարգանալ ռեֆլեքսիվ մտածողությունը։ Կրտսեր դպրոցական տարիքում ձեռքբերված օպերացիաները դառնում են ֆորմալ-տրամաբանական։ Դեռահասը, վերացարկվելով կոնկրետ, ակնառու նյութից, դատում է խոսքային պլանում։ Նա կառուցում է վարկածներ և ստուգում դրանք, այսինքն՝ դատում է հիպոթետիկ- դեդուկտիվ եղանակով։
Դեռահասը կարողանում է վարկածներով լուծել ինտելեկտուալ առաջադրանքներ։ Բացի այդ նա ընդունակ է որոշումների համակարգային որոնման։ Բախվելով նոր խնդրի հետ՝ նա ձգտում է գտնել լուծման հնարավոր մոտեցումներ՝ ստուգելով նրանցից յուրաքանչյուրի տրամաբանական արդյունավետությունը։ Այս կարողությունները զարգանում են դպրոցական ուսուցման գործընթացում նշանային համակարգերին տիրապետելու շնորհիվ՝ ընդուված մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում և այլն։
Զարգանում են այնպիսի օպերացիաներ, ինչպիսիք են դասակարգումը, անալոգիան. Ընդհանրացումը և այլն։ 11-ամյա ուսուցման դեպքում այս մտավոր օպերացիաների տիրապետումը դիտվում է ութից իններորդ դասարաններում։ Կայուն կերպով դրսևորվում է մտածողության ռեֆլեքսիվ բնույթը. երեխաները վերլուծում են իրենց վերարտադրած օպերացիաները, խնդիրների լուծման եղանակները։
Տեսական ռելեքսիվ մտածողության առանձնահատկությունները թույլ են տալիս դեռահասին վերլուծել վերացական գաղափարներ, դատողություններում գտնել սխալներն ու տրամաբանական հակասությունները։ Առանց ինտելեկտի զարգացման բարձր մակարդակի՝ անհնարին կլիներ այս տարիքին բնորոշ հետաքրքրությունը փիլիսոփայական, կրոնական, քաղաքական և այլ վերացական խնդիրների նկատմամբ։ Դեռահասները դատում են իդելաների, ապագայի մասին, երբեմն ստեղծում են իրենց սեփական տեսությունները, ձեռքբերում նոր, առավել խոր հայացք աշխարհի նկատմամբ։ Աշխարհայացքի հիմքերի կայացումը, որը սկսվում է այս տարիքում, սերտ կապված է ինտելեկտուալ զարգացման հետ։
Ի հայտ է գալիս ծավալային օբյեկտներն ընկալելու ընդւոնակությունը։ Հիշողության զարգացման համար կարևոր է այն, որ ուսումնասիրվող նյութի բարդացումը և ծավալի ընդլայնումը հանգեցնում է կրկնությունների միջոցով անգիր անելուց միանգամայն հրաժարման։ Հասկացման գործընթացում երեխաները ձևափոխում են տեքստը՝ մտապահելով այն, վերարտադրում կարդացածի հիմնական իմաստը։ Ակտիվորեն յուրացվում են մնեմիկական հնարները. եթե նույնիսկ նրանք յուրացվել են կրտսեր դպրոցական տարիքում, հիմա ավտոմատացվում են, դառնում աշակերտների գործունեության ոճը։
Ընդհանուր ինտելեկտուալ զարգացման հետ է կապված նաև երևակայության զարգացումը։ Տեսական մտածողության հետ երևակայության մերձեցումը ստեղծագործական իմպուլս է տալիս. դեռահասները սկսում են բանաստեղծություններ գրել, զբաղվել կառուցվածքավոևման տարբեր տեսակներով և այլն։ Դեռահասի երևակայությունը, իհարկե, պակաս արդյունավետ է, քան մեծահասակինը, բայց այն հարուստ է երեխայի ֆանտազիաներից։
Դեռահասության տարիքում առկա է և երևակայության զարգացման երկրորդ ուղին։ Ոչ բոլոր դեռահասներն են ձգտում հասնել օբյեկտիվ ստեղծագործական արդյունքի, բայց նրանք բոլորը օգտագործում են իրենց ստեղծագործական երևակայության հնարավորությունները՝ բավարարում ստանալով հենց երևակայելու գործընթացից։ Սա նման է մանկական խաղին։ Ինչպես նշում է Լև Վիգոտսկին, երեխայի խաղը վերածվում է դեռահասի ֆանտազիայի։
Դեռահասի պահանջմունքները, զգացմունքներն ամբողջությամբ դրսևորվում են երևակայական իրավիճակում։ Իրական կյանքով անբավարարվածությունը հեշտությամբ լցվում է ֆանտազիաների աշխարհում։ Ընդհանրապես, երևակայում է դժբախտ, չբավարարված մարդը, և քանի որ դեռահասության տարքիում շատ են սուր, անձնային խնդիրները, երևակայությունն այս ժամանակ դառնում է կոմպենսատոր։ Իր ֆանտազիենրի աշխարհ դեռահասը ոչ ոքի չի թողնում, նա կարող է կիսվել այդ ինտիմ ինֆորմացիայով միայն շատ մոտ ընկերոջ հետ։
Բայց երևակայության խաղը որ միայն բավարարում է տալիս։ Իր ֆանտազիաներում դեռահասը ավելի լավ է գիտակցում իր սեփական հակումները, զգացմունքները, առաջին անգամ սկսում է պատկերացնել իր ապագա կյանքի ուղին։
Դեռահասների սեռային նույնականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռային նույնականությունը իրենից ներկայացնում է որոշակի սեռի ներկայացուցիչ լինելու փաստի գիտակցում և վարքի այն սոցիալական ստանդարտների յուրացում, որը համապատասխանում է տվյալ սեռին։ Սեռային նույնականացումը հանդիսանում է ինքնագիտակցության կերևոր օղակ, որը վերակառուցում է անձի արժեքային կողմնորոշումը և պայամանավորում է նրա զարգացումը։
Սեռային նույնականացման ձևավորմանը նպաստող մեխանիզմներն են՝
- նույնականացում, որը հիմնված է երեխայի կողմից միևնույն սեռի ծնողի, մեծահասակների վարքի անգիտակացական կրկնօրինակմանը,
- սոցիալական ուսուցում, որը հիմնված է տղաներին և աղջիկներին համապատասխան մասկուլինային և ֆեմինային վարքի դրական ամրապնդման վրա,
- ինքնակատեգորիզացիա, որի ժամանակ երեխան սկզբում յուրացնում է սեռային նույնականության մասին պատկերացումները, ապա իրեն սահմանում է որպես տղա կամ աղջիկ, որից հետո ձգտում է իր վարքը համապատասխանեցնել այդ պատկերացումներին։
Գիտակցության սեռային տարբերակումն ունի հետևյալ կողմերը՝
- սեփական սեռի անդառնալիության գիտակցում,
- սեռային տարբերությունների գիտակցման աստիճանի մեծացում,
- կանացիության կամ առնականության մասին ստերեոտիպերի ձևավորում,
- «սեռի կանոններին» ենթարկում և հետևում ըստ ներքնայնացված դրդապատճառների։
Գենդերային դերերը իրենցից ներկայացնում են տվյալ մշակույթում գոյություն ունեցող համապատասխան սեռային վարքային մոդելներ, որոնք պայմանավորված են ավանդույթների, ստերեոտիպերի, էքսպեկտացիաների, նախապաշարմունքների համակարգով, որոնց անհատը պետք է յուրացնի և որոնցով պետք է առաջնորդվի իր վարքում։ Եթե մինչդեռահասային շրջանը առավելապես կապված է գենդերային դերերի յուրացման անգիտակցական և պասիվ մեխանիզմների հետ, ապա դեռահասության տարիքում ակտիվորեն ներառվում են միջավայրի գիտակցման կոգնիտիվ մեխանիզմները, ձևավորվում են սեփական դերի մասին պատկերացումները, ձևավորվում է անձի արժեքային-կողմնորոշային համակարգը։
Ընտանիքի դերը սեռադերային նույնականացման ձևավորման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքը մեծ ներդրում է ունենում երեխայի սեռադերային նույնականացման մեջ, որի ընթացքում դեռահասը յուրացնում է որոշակի սեռային դերեր և վարքի կանոններ։ Ծնողները վաղ մանկությունից սկսած կառուցում են երեխայի գենդերային դերերը տարբեր եղանակներով՝
- սոցիալական մանիպուլյացիաներով,
- վերբալ որոշումներով, որոնց կայացման ժամանակ ծնողները ընդգծում են այն հատկությունները, որոնք համապատասխանում են գենդերային ստերեոտիպերին,
- գործունեության համապատասխան տեսակը ցույց տալով։
Սեռային նույնականացման համար դեռահասը իդենտիֆիկացվում է ոչ միայն իր սեռի հետ, այլ նաև պետք է հասկանա և ընդունի հակառակ սեռը, ինչի համար նրան անհրաժեշտ է երկու մոդելների՝ հոր և մոր օրինակ, ինչպես նաև նրանց միջև առկա հարաբերությունների կանոնների դիտարկում։ Ծնողների միջև ակնհայտ կամ թաքնված արհամարհանքը հանգեցնում է նրան, որ ծնողները չեն կարողանում երեխայի համար ապահովել տղամարդու և կնոջ հարաբերությունների ֆունկցիոնալ, բավարաված մոդել։ Տղա երեխաների սեռային ինքնագնահատականը կտուժի այն ժամանակ, եթե ամուսնական հարաբերություններում հայրը ունի վիրավորվածի և արհամարհվածի կարագվիճակ։ Եվ հակառակը, աղջիկները ինքնագնահատականի պրոբլեմներ կունենան այն ժամանակ, եթե ամուսնական հարաբերություններում վերոնշյալ կարագավիճակում գտնվի մայրը։
Հանցագործությունները դեռահասության շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունները վկայում են, որ հանցագործություն կատարող դեռահասների ճնշող մեծամասնությունը իրավախախտ քայլին են գնացել՝ լինելով որևէ մեկի ազդեցության տակ։
Իրավունքի հոգեբանության տեսանկյունից առանձնացվում է դեռահաս իրավախախտների կատեգորիա, որն էլ պայմանավորում է խնդրի այն կողմը, թե հանրորեն վտանգավոր արարքը նրանց համար ինչ է հանդիսանում՝
- Պատահական - սրանք այն դեռահասներն են, որոնք իրենց անձնային ուղղվածությամբ որևէ կապ չունեն հանցավորության հետ և նրանց հետ տեղի ունեցածը զուտ պատահականության արդյունք է։
- Հնարավոր – այս տիպին են պատկանում այն դեռահասները, որոնց արժեքային կողմնորոշումը հստակ չէ և հանգամանքների բերումով հայտնվում է հանցագործության կատարողների շարքում։
- Հավանական – այս տիպի անձինք իրենց անձնային ուղղվածությամբ ձգտում են որպես ռեֆերենտային խումբ ընտրել հանցածին հակումներ ունեցող մարդկան ազատ ժամանակը անցկացնում են նրանց հետ, ցանկացած հարցում խիստ կարևորում են նրանց դիրքորոշումը, փորձում են վարքով, շարժուձևով, լեկսիկոնով հնարավորինս նմանվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին և արտաքին էֆեկտն ապահովելու նպատակով իրավախախտ քայլ թույլ տալը նրանց համար ի վերջո կրում է օրինաչափ բնույթ։
- Հակահասարակական (ամենավտանգավորը) – սրա մեջ մտնում են այն դեռահասները, որոնք ունեն արմատավորված դիրքորոշումներ, նրանք իրենց անձնային ուղղվածությամբ ձգտում են կազմակերպել, կառավարել և իրականացնել այս կամ այն բնույթի իրավախախտ ակցիա։ Վերոհիշյալ տիպաբանությունը ընդունված է ամբողջ աշխարհում և իրենից ներկայացնում է դեռահասի անձի աստիճանական դեֆորմացիայի շղթա։
Դեռահասների հետ կատարվող քննչական աշխատանքների առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահասների նկատմամբ իրականացվող աշխատանքների (քննչական) մեջ խորհուրդ է տրվում առաջնորդվել ուսումնասիրման հետևյալ սխեմայով՝
- Նախ ուսումնասիրել դեռահասի անձը
- Իրականացնել նախաքննական և քննական գործընթացները սովորաբար համապատասխան ժամանակային ռեսուրսի առկայության պայմաններում առաջարկվում է ուսումնասիրման հետևյալ կառուցված՝
- Ուսումնասիրել նրա գենետիկական կենսաբանական կողմը
- Ուսումնասիրել նրա միկրոմիջավայրը այսինքն այն նեղ սոցիալական խմբերը որոնց հետ դեռահասը գտնվում է հաճախակի շփման մեջ։
- Ուսումնասիրել դեռահասի առանձնահատկությունները մասնավորապես խառնվածքը, բնավորության շեշտված գծերը, դրդապատճառների բլոկը, արժեքային կողմնորոշումը։
- Ուսումնասիրել դեռահասի իրավագիտակցության մակարդակը քանի որ դրանով է պայմանավորված կիրառող կանխարգելող միջոցառումների հաջողությունը։
Այսպիսով քննչական գործունեության մեջ առանձնանում է դեռահասի հետ աշխատանքի 5 փուլ՝
- Բանավոր ինֆորմացիայի ստացում, որը տրվում է դեռահասի կողմից անձնական տվյալների տեսքով։
- Իրավապահի և դեռահասի միջև հոգեբանական կոնտատկտի հաստատում (ամենադժվարն է)։
- Գործի վերաբերյալ անհրաժեշտ մինֆորմացիայի ստացում։
- Այս ինֆորմացիայի և ունեցած տեղեկությունների համադրում
- Ամբողջացված տեսքով այս ամենի գրառում և իրավաբանական փաստաթղթի պատրաստում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adolescence by Stephen Paget
- Кле М. Психология подростка (психосексуальное развитие). М.,1991.
- Кон И.С. Дружба. М.,1987.
- Кон И.С. Открытие «Я». М., 1978.
- Личко А.Е. Психопатия и акцентуация характера у подростков. Л., 1983.
- Эльконин Д.Б. Возрастные и индивидуальные особенности младших подростков// Избр. тр. М.,1989.
- Крутецкий, Вадим Андреевич, and Николай Семенович Лукин. Психология подростка. ОЛМА Медиа Групп, 1959.